Cover Image
aizvērt šo grāmatuՍաքանյան Վեհարի Արտավազդի (1950-)
Skatīt dokumentuՎ. ՍԱՔԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Վեհարի Սաքանյանը ծնվել է 1950 թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Ստեփանավան քաղաքում: Հայրը լրագրող էր, «Փարոս» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ մայրը. բուժաշխատող: Վ. Սաքանյանը դպրոցում ուսանելու տարիներին մասնակցել է ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադաներին: Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա. ուսումը շարունակելու: Այդ ժամանակ Վ. Սաքանյանի հայրը. Արտավազդ Սաքանյանը ուսանում էր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցի լրագրության (ժուռնալիստիկա) բաժնում: Հակում ունենալով ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների նկատմամբ Վ. Սաքանյանը սկզբում ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ: Սակայն մոր մեծ ցանկությունն էր, որ իր երեք երեխաներն էլ ընտրեն բժշկի մասնագիտությունը: Այդ պատճառով էլ նույն տարում Վ. Սաքանյանը ընդունվում է նաև Մոսկվայի II բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ:
Ուսանելու տարինեներին ակտիվ մասնակցել է ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության առօրյային և դարձել 1972 և 1974 թթ. կազմակերպված գիտաժողովների մրցանակակիր՝ հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերելով գենետիկա և մանրէաբանություն առարկաների նկատմամբ: Դա էր պատճառը, որ ինստիտուտը ավարտելուց անմիջապես հետո նա ընդունվել է Մոսկվայի արդյունաբերական մանրէների գենետիկայի և սելեկցիայի ինստիտուտի ասպիրանտուրա (մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա). ուսանելով մեծ գիտնական Սոս Ալիխանյանի մոտ, որն, ի դեպ, այդ ինստիտուտի տնօրենն էր: Թեկնածուական թեզի պաշտպանությունից հետո Վ. Սաքանյանը մեկնել է Հունգարիա. UNESCO-ի միջազգային կենսաբանական կենտրոնում մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով:
1982 թ. ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի տնօրեն Էդուարդ Հակոբյանի խնդրանքով և Սոս Ալիխանյանի առաջարկությամբ Վեհարի Սաքանյանը եկել է Երևան և կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում հիմնել գենային ինժեներիայի լաբորատորիա: Հիմնելով այդ լաբորատորիան, իր իսկ պատրաստած կադրերի հետ միասին Վ. Սաքանյանը առաջինը նախկին ԽՍՀՄ-ում ձեռնամուխ եղավ ստանալու մի շարք ամինաթթուների և ֆերմենտների բարձրակտիվ շտամ-արտադրիչներ, որոնք մինչ այժմ էլ մրցունակ են միջազգային շուկայում:
Մոսկվայում 1987 թ. արդյունաբերական մանրէների գենետիկայի և սելեկցիայի ինստիտուտում Վ. Սաքանյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Ներկայումս Վ. Սաքանյանը զբաղվում է սպիտակուցների և հակամարմինների փոքրագույն մոլեկուլների ուսումնասիրության չիպային տեխնոլոգիայի մշակմամբ, որը հնարավորություն կտա ստեղծելու նոր հակաքաղցկեղային գործոններ (կաթնագեղձի քաղցկեղ): Այս մշակումները բավական խոստումնալից են. կլինիկական փորձարկումների անցնելու համար:
Քույրերը. Արմինե և Կարինե Սաքանյանները, մասնագիտությամբ բժիշկներ են: Նրանց երեխաները ընտրել են պապիկի. լրագրողի մասնագիտությունը: Կինը. Պռոշինա-Սաքանյան Իրինան զբաղվում է խեցեգործությամբ: Որդին. Արտակ Սաքանյանը, զբաղվում է նկարչությամբ և ունեցել է մի շարք ցուցահանդեսներ: Կինը և որդին Ֆրանսիայում բացել են գեղավերստի սրահ, որտեղ ցուցադրում են խեցեգործական աշխատանքներ և նկարներ, որոնցում արտացոլված է հայկական մշակույթը: Աղջիկը. Աննա Սաքանյանը, ունի ֆիզիկամաթեմատիկական հակումներ և այժմ սովորում է Փարիզի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնտեսագիտական բաժնում:
Ֆրանսիա մեկնուլուց հետո Վ. Սաքանյանը մինչ այժմ համագործակցում է ՀՀ տարբեր ինստիտուտների, հատկապես իրեն հարազատ. կենսատեխնոլոգիա ԳՀ ինստիտուտի գիտնականների և գիտական խմբերի հետ:
Սկսած 1995 թ. պրոֆ. Վ. Սաքանյանը սեմինարներ և դասախոսություններ է անցկացրել կենսատեխնոլոգիա ԳՀ ինստիտուտում, ԵՊՀ-ում և ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում, որտեղ ներկայացրել է կենսատեխնոլոգիայի ժամանակակից նվաճումները: Ֆրանսիայում գտնվելու ժամանակ էլ Վ. Սաքանյանի ղեկավարությամբ հայ երիտասարդներից 5-ը պաշտպանել են թեկնածուական թեզեր: Պրոֆ. Վ. Սաքանյանի աջակցոււթյամբ Նանտի համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում վերապատրաստվել են Հայաստանի մի շարք գիտաշխա- տողներ և ասպիրանտներ:
Պրոֆ. Վ. Սաքանյանի նախաձեռնությամբ 2000 թ. կատարվել է համատեղ աշխատանք կենսատեխնոլոգիա ԳՀ ինստիտուտի, Նանտի համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի և Ajinomoto Co. LTD-ի միջև, որի արդյունքում ձեռք է բերվել համատեղ արտոնագիր: Միաժամանակ այդ աշխատանքը ֆինանսավորվել է Ajinomoto Co. LTD-ի կողմից, որը ֆինանսական աջակցություն էր կենսատեխնոլոգիա ԳՀ ինստիտուտի և աշխատակիցների համար:
Հայաստանում պրոֆեսոր Վ. Սաքանյանի ղեկավարած խմբի կողմից ստացվել է բարձրակտիվ շտամ-արտադրիչ, որի հիման վրա կազմակերպվել է լիզին ամինաթթվի բավականին արդյունավետ արտադրություն: Ներկայումս նա օգնում է կենսատեխնոլոգիայի ԳՀ ինստիտուտի աշխատակիցներին կորինեֆորմ մանրէների հիման վրա գենային ինժեներիայի եղանակներով ստանալ ամինաթթուների նոր շտամ-արտադրիչներ, որոնք կարող են օգտագործվել արտադրության մեջ:
Պրոֆ. Վեհարի Սաքանյանը աջակցել է և շարունակում է իր օգնությունը կենսատեխնոլոգիա ԳՀ ինստիտուտի շատ աշխատակիցների. նրանց տրամադրելով գենաինժեներային աշխատանքների համար անհրաժեշտ թանկարժեք նյութեր: Այսօր էլ նա ակտիվորեն համագործակցում է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում:
ՀՀ ԳԱԱ բարձր գնահատելով Վեհարի Սաքանյանի գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Օրերս լրացավ նշանավոր կենսատեխնոլոգ, Նանտի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանի 60-ամյակը, որի առթիվ ջերմորեն և սրտանց շնորհավորում ենք նրան, ցանկանում քաջ առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գիտական գործունեության ասպարեզում:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2010, նոյեմբեր, № 11