Cover Image
cerrar este libroԱզատյան Վիլեն Վաղարշի (1931-)
Ver el documentoՎ. Վ. ԱԶԱՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութաբանության ինստիտուտի շղթայական հետերաֆազ պրոցեսների լաբորատորիայի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Վաղարշի Ազատյանը ծնվել է 1931 թ. մարտի 25-ին Երևանում: Հայրը՝ Վաղարշ Ազատյանը, եղել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի դեկանը: Մայրն աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմում:
1949թ. ավարտելով Երևանի № 29 միջնակարգ դպրոցը՝ Վիլեն Ազատյանն ուսանելու է մեկնել Մոսկվա և 1954թ. ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: 1959թ. ավարտելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ նա աշխատանքի է անցել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտում՝ անմիջականորեն աշակերտելով ակադեմիկոսներ Վ.Վ.Վոևոդսկուն և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ն.Ն.Սեմյոնովին: Աշխատել է կրտսեր գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող և լաբորատորիայի վարիչ: Վիլեն Ազատյանը Ն.Ն.Սեմյոնովի լաբորատորիայում կատարել է մեծանուն գիտնականի տեղակալի պարտականությունները: Իսկ 1988թ.–ից Ազատյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութաբանության ինստիտուտի շղթայական հետերաֆազ պրոցեսների լաբորատորիայի վարիչն է:
Վիլեն Ազատյանը գիտությունների թեկնածուի աստիճանը ստացել է 1963թ, իսկ դոկտորի գիտական աստիճանը՝ 1978թ.: 1985թ. նա ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 2000թ. Վիլեն Ազատյանն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Մինչև 70-ական թվականները Վ.Ազատյանի գիտական աշխատանքները նվիրված էին ճյուղավորված շղթայական ռեակցիաների տեսությանը, ակտիվ միջանկյալ մասնիկների հայտնաբերմանը և դրանց ռեակցիաների ուսումնասիրմանը: Միաժամանակ նա զբաղվում էր շղթայական ռեակցիաների օգտագործմամբ կիսահաղորդչային և դիէլեկտրիկ թաղանթներ ստանալու մեթոդների ստեղծմամբ: Այդ ընթացքում է ստեղծվել ցածր ջերմաստիճաններում դիէլեկտրիկ և կիսահաղորդչային բարձր որակի թաղանթներ ստանալու մեթոդը, որը թույլ տվեց 3600-ով իջեցնել տեխնոլոգիական ջերմաստիճանը: Մեթոդը թույլ է տալիս բարձր ջերմաստիճաններում թաղանթներ ստանալ անկայուն նյութերի վրա:
70-ականներից սկսած՝ Վիլեն Ազատյանը մշակում է ոչ իզոթերմիկ ռեակցիաների տեսությունը: Այդ աշխատանքներում բացահայտված են գազերի այրման և պայթյունների հիմնական գործոնները: Ցույց է տրված, որ, ի հակադրություն նախկինում ընդունված պատկերացումների, ճյուղավորված ռեակցիայի շղթայական մեխանիզմը որոշիչ ֆակտոր է գազերի այրման պրոցեսներում: Եվ ոչ միայն այն ճնշումներում, որոնք մթնոլորտային ճնշումից հարյուրավոր անգամներ ցածր են, այլև ավելի բարձր ճնշումներում, որը կարևոր է տեխնիկայում: Դրա հիման վրա գիտնականը ստեղծեց այրումը, պայթյունը և դետոնացիան կառավարելու մեթոդները: Դրանց էությունը հատուկ փոքր խառնուրդների օգնությամբ ռեակցիոն շղթաների խզումն արագացնելն էր:
Առաջարկված մեթոդները փորձարկվել են ջրածնի, մեթանի և սինթեզ գազի այրման և դետոնացիայի օրինակներով: Համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովներն իրենց հավանությունն են տվել առաջարկվող մեթոդներին և դիմել կառավարությանը, որպեսզի այդ մեթոդները կիրառվեն ածխահանքերում և ատոմակայաններում՝ հնարավոր պայթյունները կանխելու համար:
Կեմերովոյում կատարված փորձարկումներից հետո առաջարկված մեթոդն արժանացել է մարզի ղեկավարության բարձր գնահատականին:
Վիլեն Ազատյանը մոտ 500 տպագրված գիտական աշխատանքների և ավելի քան 30 հայտնագործությունների հեղինակ է, երկու մենագրություն է լույս ընծայել պրոֆ. Ե.Տ.Դենիսովի հետ, որոնցից մեկը տպագրվել է Լոնդոնում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 25 թեկնածուական ատենախոսություն, իր աշակերտների պաշտպանած 6 դոկտորական ատենախոսությունների խորհրդատուն է: Վ. Ազատյանի աշխատանքներին ակտիվ կերպով մասնակցում են մի շարք ինստիտուտներ և ձեռնարկություններ, այդ թվում՝ ավիացիոն շարժիչների կենտրոնական ինստիտուտը, որի հետ համատեղ աշխատանքների արդյունքները զեկուցվել են Տոկիոյում, Բուենոս Այրեսում, Հակահրդեհային պաշտպանության ինստիտուտը (միջազգային մրցանակ Անգլիայում), Ռուսաստանի Դաշնության միջուկային կենտրոնը, Մ.Պլանկի անվան ինստիտուտը (Գերմանիա) և այլն:
Վ. Ազատյանն անդամ է միջազգային այրման ինստիտուտի (ԱՄՆ), Ռուսաստանի ԳԱ նախագահությանը կից այրման և պայթյունների գիտական խորհրդի բյուրոյի “Кинетика и катализ”, «Журнал физической химии РАН» ամսագրերի և «Self-Propagating High-Temperature Synthesis» միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիաների, տեսական և կիրառական քիմիայի միջազգային կազմակերպության (IUPAC): Վիլեն Ազատյանի աշխատանքներն արժանացել են Ռուսաստանի Դաշնության կառավարական պարգևների:
Վ. Ազատյանի ղեկավարությամբ կատարված և պաշտպանված ատենախոսություններից երեքի հեղինակները ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ են: Համագործակցությունն այդ ինստիտուտի հետ շարունակվում է: Անվանի գիտնականը համագործակցում է նաև ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի հետ: Համալսարանական ասպիրանտը 2008թ. հաջողությամբ պաշտպանեց նրա ղեկավարությամբ կատարված ատենախոսությունը:
Վ. Ազատյանը տարիներ շարունակ Երևանի պետհամալսարանում կարդացել է դասախոսությունների դասընթաց տարրական ռեակցիաների տեսության վերաբերյալ:
Հաշվի առնելով Վիլեն Վաղարշի Ազատյան գիտնականի համաշխարհային ճանաչումը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Այսօր էլ մեծանուն քիմիկոսը շարունակում է իր ազգանվեր գիտական գործունեությունը և համագործակցում ՀՀ գիտակրթական կազմակերպությունների հետ՝ իր գիտելիքներն ի սպաս դնելով հայ գիտական մտքի զարգացմանը:
Վերջերս լրացավ նշանավոր քիմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութաբանության ինստիտուտի շղթայական հետերաֆազ պրոցեսների լաբորատորիայի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Վաղարշի Ազատյանի ծննդյան 80-ամյակը: Ջերմորեն և սրտանց շնորհավորում ենք ականավոր գիտնականին, ցանկանում քաջառողջություն, երջանկություն և գիտական նորանոր նվաճումներ:
Վիլեն Ազատյանը ակտիվ է նաև հասարակական ոլորտում. նա Մոսկվայի հայ համայնքի կոմիտեի անդամ է, սակայն ցավով արձանագրում է, որ այսօր այդ կոմիտեն ի զորու չէ իրականացնել լուրջ խնդիրներ:
Վիլեն Ազատյանն այսօր էլ սերտ կապեր է պահպանում ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ, որի հետ ունի համագործակցության խորացման պայմանագիր:
«Գիտություն» 2011, մայիս, № 5
«Գիտություն» 2013, հունիս, № 6