Cover Image
close this bookԿոստանյան Ռադիկ Բենիկի (1940)
View the documentՌ. Բ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Բ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռադիկ Բենիկի Կոստանյանը ծնվել է 1940 թ. ապրիլի 7-ին ՀՍՍՀ Դիլիջան քաղաքում: 1947 թ. ընդունվել, իսկ 1957 թ. ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1957 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: 1962 թ. ավարտել է համալսարանը և նշանակվել աշխատանքի ֆիզիկայի ֆակուլտետում: 1962-1972 թթ. աշխատել է ֆիզիկայի ֆակուլտետի ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում ավագ վարպետի, ավագ ինժեների և վարող ինժեների պաշտոններում:

Զբաղվել է սուտակային լազերների և քվանտային ուժեղացուցիչների բնութագրերի, ինչպես նաև դրանց ճառագայթման միջավայրերի ռեզոնանսային երևույթների ուսումնասիրմամբ:

Ռ. Բ. Կոստանյանը հետազոտել է պինդ մարմնային լազերների ու ուժեղացուցիչների բնութագրերի, դրանց ակտիվ միջավայրերի և օգտագործվող ռեզոնատորների պարամետրերի միջև կախվածությունը: Հետազոտությունների արդյունքները, որոնք զգալիորեն նպաստել են հանրապետությունում ռուբինային լազերների արտադրութան գործին, մասամբ ընդգրկվել են 1967 թ. Մոսկվայում հրատարակված «Оптические генераторы на твердом теле» մենագրության մեջ (А. Л. Микаелян, М. Л. Тер-Микаелян и Ю. Г. Турков):

1972 թ. Ռ. Բ. Կոստանյանը տեղափոխվել է ՀԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ շարունակել և հետագայում կազմակերպել է նոր ուղղություններով տարվող հետազոտություններ: ՖՀԻ – ում աշխատել է ավագ ինժեների, խմբի ղեկավարի, ավագ գիտական աշխատողի և լաբորատորիայի վարիչի պաշտոններում:

Փորձնականորեն հետազոտվել են ռուբինային լազերների էներգետիկ, սպեկտրալ, ժամանակային բնութագրերի և ճառագայթման փուլի փոփոխությունները, որոնք առաջանում են ռեզոնանսային միջավայրի հետ փոխազդեցության հետևանքով: Նշված հետազոտությունների մի մասը ամփոփվել է «Ռեզոնանսային միջավայրով անցնող ռուբինային ՕՔԳ-ի ճառագայթման բնութագրերի ուսումնասիրությունը» թեկնածուական ատենախոսությունում (1975 թ.):

1978 թ.-ից աշխատել է ինստիտուտում իր իսկ կողմից հիմնադրված Պինդ-մարմնային լազերների և լյումինեսցենցիայի (հետագայում՝ Լազերային ֆիզիկայի և սպեկտրոսկոպիայի) լաբորատորիայի վարիչի պաշտոնում: 1978 թ. պարգևատրվել է ՀԳԱ Գովեստագրով:

1980 թ.-ից Ռ. Բ. Կոստանյանը եղել է Խորհրդային Միության քվանտային էլեկտրոնիկայի գծով կոորդինացիոն խորհրդի թիվ 1 – պինդմարմնային լազերների սեկցիայի անդամ, ՖՀԻ գիտական խորհրդի անդամ, ԲՈՀ-ի մասնագիտացված խորհրդի անդամ, քարտուղար, նախագահ, ՀՀ ԲՈՀ-ի ԵՊՀ-ին կից «Լազերային ֆիզիկա», «Օպտիկա» և «Ռադիոֆիզիկա» մասնագիտություններով ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված խորհրդի անդամ, Միջազգային լազերային ասոցիացիայի ԱՊՀ երկրների «Լազերների ֆիզիկա» և «Գիտական սարքաշինություն» մասնագիտությունների միջազգային էքսպերտների կոլեգիայի անդամ:

Ռ. Բ. Կոստանյանը գիտական գործունեությունը հաջողությամբ համատեղել է մանկավարժական և կազմակերպչական գործունեության հետ: Համալսարանում աշխատելու տարիներին նա օժանդակել է ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնում ուսանողական փորձեր դնելուն և բացատրակներ կազմելուն: Հետագայում ՖՀԻ-ում աշխատելու տարիներին դասախոսությունների հատուկ դասընթացներ է կարդացել ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետի ուսանողներին:

Բազմիցս եղել է ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական քննությունների և թեզերի պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ: Եղել է նաև ԵՊՀ բազմաթիվ ուսանողների դիպլոմային աշխատանքների, յոթ թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար և դոկտորական ատենախոսության գիտական խորհրդատու:

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ում Ռ. Բ. Կոստանյանի հետազոտությունները ընդգրկել են լազերային ֆիզիկայի շատ կարևոր մի բնագավառ՝ ակտիվացված միաբյուրեղների սպեկտրասկոպիան, բյուրեղներում ակտիվ խառնուրդային իոնների միջև փոխազդեցությունների բազմաթիվ պրոբլեմները, դրանց էներգետիկ մակարդակների բնակեցմանը և տրոհմանը առնչվող երևույթները, այդ ամբողջ կոմպլեքսի ազդեցությունը պինդ մարմնային լազերների աշխատանքի վրա և տարբեր ռեժիմներում և սպեկտրալ տիրույթներում բարձր էֆեկտիվությամբ աշխատող պինդ մարմնային նոր լազերների ստեղծումը:

Մանրակրկիտ ուսումնասիրել է էրբիում պարունակող օքսիդային բյուրեղների լյումինեսցենտային և գեներացիոն հատկությունները և միջին ինֆրակարմիր տիրույթում երեք միկրոնին մոտ ճառագայթման ալիքի երկարության տիրույթում նոր դասի լազերների ստեղծման հնարավորությունը: Կատարված աշխատանքների մի մասը ամփոփվել է «Էրբիում պարունակող բյուրեղների հատկությունների ուսումնասիրումը և նրանց հիմքով նոր լազերների ստեղծումը» դոկտորական ատենախոսությունում (1992): 1992 թ. Ռ. Կոստանյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Հետագա տարիներին Ռ. Կոստանյանը կատարել է ինչպես հիմնարար-փորձարարական, այնպես էլ կիրառական տեսակետներից կարևոր գիտական աշխատանքներ, որոնք վերաբերում են ակտիվացված բազմաֆունկցիոնալ սեգնետոէլեկտրական բյուրեղների հատկությունների ուսումնասիրմանը, որոնք միաժամանակ օժտված են լազերային, օպտիկական ոչ գծային, էլեկտրաօպտիկական, պիեզոէլեկտրական և պիրոէլեկտրական հատկություններով: Հազվագյուտ հողի իոնների խառնուկներով տարբեր բյուրեղներում ուսումնասիրվել են դրանց լազերային հնարավորությունները բնութագրող սպեկտրադիտական պարամետրերի համալիրը, պարզաբանվել են գրգռման էներգիայի կլանման, գերման, փոխանցման և այլ երևույթների մեխանիզմները:

Ստացվել են մի շարք գիտական առաջնակարգ նշանակություն ունեցող նոր արդյունքներ, որոնք սկզբունքային են քվանտային ռադիոֆիզիկայի և լազերային ֆիզիկայի հետագա զարգացման և նոր պինդ մարմնային լազերների ստեղծման և կիրառման բնագավառներում: Կատարվել են կարևոր ուսումնասիրություններ էրբիումի իոնների խառնուրդով բյուրեղներում երեք միկրոնին մոտ ճառագայթման ալիքի երկարության տիրույթում, ինքնահագեցնող համակարգերում գործող, բարձր էֆեկտիվության նոր դասի լազերների աշխատանքային մեխանիզմների պարզաբանման և դրանց ստեղծման ուղղությամբ: Էրբիումային լազերների ինքնահագեցնող համակարգերում իրականացված քվազիանընդհատ ռեժիմի լազերային ճագայթումը և գեներացիայի ընթացքում գրգռված ստորին մակարդակից մղման էներգիայի կլանման երևույթը զգալիորեն նպաստել են տարբեր գիտական կենտրոններում այս ուղղությամբ հետազոտությունների իրականացմանը:

Մշակվել են բյուրեղների բնութագրերի ուսումնասիրման նոր մեթոդներ, որոնք արձանագրված են հեղինակային իրավունքներով և ստեղծվել են մոտակա և միջին ինֆրակարմիր տիրույթի նոր լազերներ, որոնք կիրառվել են Խորհրդային Միության տարբեր գերատեսչություններում:

1998-1999 թթ. հայտնաբերվել և ուսումնասիրվել է ավելի վաղ կանխատեսված նոր՝ լուսամակածված պիեզոէլեկտրական երևույթը բևեռային դասի խառնուրդային բյուրեղներում՝ օպտիկական տիրույթի ճառագայթմամբ խառնուրդային իոնների ռեզոնանսային գրգռման դեպքում:

Նշված բնագավառում Ռ. Կոստանյանի կատարած ուսումնասիրությունների արդյունքերի կարևորության մասին է փաստում այն, որ դրանք լայն ճանաչում են գտել խորհրդային և արտասահմանյան խոշոր գիտնականների կողմից (А. М. Прохоров, Т. М. Мурина) և ընդգրկվել են արդեն դասական դարձած այնպիսի մենագրությունների մեջ, ինչպիսիք են “Новое поколение твердотельных лазеров” /А. М. Прохоров // Успехи физических наук. – 1986. – Т. 148, Вып. 1, “Лазер на кристаллах итрий-эрбий-алюминиевого граната” // Труды ИОФАН. – М: Наука, 1989. – Т. 19: Նրա աշխատանքների վրա բազմաթիվ հղումներ են արվել բարձր վարկանիշ ունեցող մասնագիտական ամսագրերում՝ Kvantovaya Electronica, Journal of Applied Physics, Optical Engineering, IEEE Journal of Quantum Electronics, Optics Communications, Journal of Luminescence, Journal of Alloys and Compounds, Microelectronics Journal և այլն:

Ուշադրության են արժանի բազմալիք ճառագայթման բարձր էֆեկտիվությամբ աշխատող նոր դասի լազերների վերաբերյալ կատարված աշխատանքները և լազերային բյուրեղներում հազվագյուտ հողի տարրերի իոնների միջշտարկյան անցումների և աղքատ էներգիական սպեկտր ունեցող իոնների սպեկտրասկոպիային վերաբերվող արդյունքները:

Ռ. Բ. Կոստանյանը ՀՀ ԳԱԱ ՖԿՊ ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ զբաղվել է ակուստիկ ալիքների միջոցով գազապարպումային պլազմայի բնութագրերի կառավարման, CO2 լազերների աշխատանքային գազի պլազմայում էներգիայի ներմուծման մեծացման, ՕԳԳ-ի բարձրացման, մոլեկուլային և ատոմական գազերի պարպման վոլտ-ամպերային բնութագրերի կառավարման հնարավորությունների հետազոտմամբ:

Նշանակալից են եղել կրկնակի իոններով ակտիվացված լազերային բյուրեղներում գրգռման էներգիայի էֆեկտիվ օգտագործմանը և լայն կիրառություններ ունեցող մոտակա ինֆրակարմիր տիրույթի լազերների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպատակաուղղված հիմնարար և կիրառական տեսակետներից կարևոր և հեռանկարային հետազոտությունները:

Ռ. Բ. Կոստանյանի գիտական գործունեության արդյունքները զգալի ավանդ են լազերային ֆիզիկայի բնագավառում: Նա շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց արդյունքները ցիտվել և քննարկվել են մոտ 60 հեղինակավոր հայրենական և միջազգային գիտաժողովներում և հայտնի են նախկին ԽՍՀՄ և բազմաթիվ այլ պետությունների մասնագետներին: