Cover Image
close this bookԱլիխանով Աբրահամ Իսահակի (1904-1970)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Ի. ԱԼԻԽԱՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սովետական նշանավոր փորձարար-ֆիզիկոս, մեր երկրում միջուկային ֆիզիկայի հիմնադիիրներից մեկը, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Աբրահամ Իսահակի Ալիխանովը ծնվել է 1904 թ. մարտի 3-ին Ելիզավետպոլ (ներկայումս Կիրովաբադ) քաղաքում, երկաթուղային մեքենավարի ընտանիքում: Վախճանվել է 1970 թ. դեկտեմբերի 8-ին Մոսկվայում: 1912 թ. Ալիխանովի ընտանիքը տեղափոխվում է Հայաստան, Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի), որտեղ և Ալիխանովը ընդունվում է տեղի միակ միջնակարգ ուսումնական հաստատությունը` առևտրական ուսումնարանը: Այնուհետև նա ուսումը շարունակում է Թիֆլիսի առաջին առևտրական ուսումնարանում, որը ավարտելուց հետո 1921 թ. դառնում է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնաքիմիական ֆակուլտետի ուսանող: 1923 թ. Ա. Ի. Ալիխանովը տեղափոխվում է Պետրոգրադ և ընդունվում տեղի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը: Սակայն պատանի Ալիխանովը ավելի մեծ հակում ուներ դեպի ֆիզիկան և մեկ տարի անց նա տեղափոխվում է նույն ինստիտուտի ֆիզիկամեխանիկական ֆակուլտետը, որտեղ լավ դպրոց է անցնում Ա. Ֆ. Իոֆֆեի, Մ. Վ. Կիրպիչովի, Ի. Վ. Օբրեիմովի, Ն. Ն. Սեմյոնովի, Յա. Ի. Ֆրենկելի և ուրիշների ղեկավարությամբ: Հաղորդակցվելը այս ականավոր ֆիզիկոսների հետ Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (ԼՖՏԻ), ավելի է ամրապնդում Ա. Ի. Ալիխանովի հետաքրքրությունը հետազոտական աշխատանքի նկատմամբ: 1927 թ. հոկտեմբերին ԼՖՏԻ-ի դիրեկտոր և միաժամանակ ֆիզիկամեխանիկական ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Ա. Ֆ. Իոֆֆեն պրպտող մտքի տեր ուսանողին ընդունում է ինստիտուտի ռենտգենատեխնիկական լաբորատորիա: Սկսվում է Ալիխանովի ավելի քան քառասնամյա (1927−1970) բեղմնավոր գիտական գործունեությունը: Այդ տարիներին Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում հետազոտությունները հիմնականում տարվում էին պինդ մարմինների և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի ուղղությամբ (ռենտգենագրական մեթոդով բյուրեղների մեխանիկական հատկությունների հետազոտումը Ա. Ֆ. Իոֆֆեի և նրա աշխատակիցների կողմից, Ա. Կ. Վալտերի, Ի. Վ. Կուրչատովի, Կ. Դ. Սինելնիկովի և ուրիշների աշխատանքները պինդ մարմինների էլեկտրական հատկությունների ուսումնասիրությունների գծով), ինչպես նաև քիմիական ֆիզիկայի ասպարեզում (փորձարարական և տեսական հետազոտությունները Ն. Ն. Սեմյոնովի ղեկավարությամբ, որոնք հետագայում հանգեցրին ճյուղավորված շղթայական ռեակցիաների և քիմիական կինետիկայում դրանց դերի մասին ֆունդամենտալ պատկերացմանը): Ա. Ի. Ալիխանովի առաջին աշխատանքները նվիրված էին մետաղների բյուրեղային ցանցի ուսումնասիրությանը` ռենտգենյան ճառագայթների օգնությամբ: 1929 թ.Սովետական Միությունում և արտասահմանում միաժամանակ լույս տեսավ Ա. Ի. Ալիխանովի առաջին գիտական աշխատանքը` «Ալյումինումի ռենտգենագրական հետազոտումը բարձր ջերմաստիճանների դեպքում», որտեղ հեղինակը ապացուցեց, որ բարձր ջերմաստիճանների դեպքում ալյումինը չի ենթարկվում ալոտրոպիկ փոփոխությունների. այն մշտապես պահպանում է կենտրոնացված նիստերով խորանարդի կառուցվածքը: Նույն արդյունքն էին ստացել նաև արտասահմանյան ֆիզիկոսներ Վ. Գյուրտլերը և Տ. Անաստասիադիսը: 1930 թ.Ա. Ի. Ալիխանովը ռենտգենագրական հետազոտություններից անցնում է ռենտգենյան ճառագայթների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությանը: Հատկապես նշանակալից է Լ. Ա. Արցիմովիչի հեղինակակցությամբ 1933 թ. լույս տեսած «Ռենտգենյան ճառագայթների լրիվ ներքին անդրադարձումը բարակ շերտերից» աշխատանքը, որտեղ հեղինակների կողմից հետազոտված էր ռենտգենյան ճառագայթների լրիվ ներքին անդրադարձման մեխանիզմը տարբեր մետաղների բարակ շերտերից: Փորձով որոշված և տեսականորեն գնահատված էր ռենտգենյան ճառագայթների ներթափանցման խորությունը նյութի մեջ լրիվ անդրադարձման դեպքում: Այս հետազոտությունները առաջին անգամ անմիջականորեն ապացուցեցին Ֆրենելի և Մաքսվելի դասական օպտիկայի կիրառելիությունը թափանցիկ և կլանող միջավայրերից ռենտգենյան կոշտ ճառագայթների անդրադարձման երևույթների նկատմամբ: Ներկայումս, երբ աստղագիտական նպատակների համար անհրաժեշտ է ռենտգենյան հեռադիտակների ստեղծումը, Ա. Ի. Ալիխանովի և Լ. Ա. Արցիմովիչի այդ աշխատանքը վերըստին դարձել է խիստ արդիական: Ա. Ի. Ալիխանովի հետազոտությունները ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի ասպարեզում ամփոփվեցին նրա «Ռենտգենյան ճառագայթների օպտիկան» ոչ մեծ մենագրության մեջ, որը լույս տեսավ 1933 թ. ԼՖՏԻ-ի 15-ամյա հոբելյանի առթիվ` «Նորագույն ֆիզիկայի պրոբլեմները» մատենաշարով: Մենագրությունում համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ ներկայացված են տվյալներ ռենտգենյան ճառագայթների բեկման և այդ էֆեկտի նկարագրության համար Բրեգ-Վուլֆի օրենքի կիրառալիության վերաբերյալ, հատուկ վերլուծության է ենթարկված ռենտգենյան ճառագայթների լրիվ ներքին անդրադարձման պրոբլեմը: Հատկանշական է, որ այդ գրքում, ինչպես և հոբելյանական մատենաշարի հրատարակությունների մեծամասնության մեջ, ծավալի զգալի մասը կազմում է հեղինակի ստացած նոր արդյունքների շարադրանքը: Մենագրությունը ամփոփում է Ա. Ի. Ալիխանովի հետազոտությունները ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի բնագավառում: 1932 թ. վերջին` միջուկային ֆիզիկայում ֆունդամենտալ հայտնագործությունների շնորհիվ (նեյտրոնի, պոզիտրոնի, դեյտերիումի հայտնաբերումը, ցիկլոտրոնի ստեղծումը և այլն) միջուկային թեմատիկան դարձավ ԼՖՏԻ-ում տարվող հետազոտությունների գլխավոր ուղղություններից մեկը: Ա. Ի. Ալիխանովը առաջիններից մեկն էր, որ սկսեց զբաղվել ատոմի միջուկի հետազոտությամբ: Արդեն 1934 թ. մարտին նա նշանակվում է պոզիտրոնների լաբորատորիայի վարիչ: Ա. Ի. Ալիխանովի հետաքրությունների ոլորտն ընդգրկում էր այդ ժամանակի միջուկային ֆիզիկայի հրատապ պրոբլեմները, առաջին հերթին` էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի կազմավորման հարցը, β-տրոհումը, արագ էլեկտրոնների արգելակումը և ցրումը նյութի մեջ:
1934 թ. Ա. Ի. Ալիխանովը Մ. Ս. Կոզոդաևի հետ համատեղ ստեղծեցին պոզիտրոնների էներգետիկ սպեկտրների հետազոտման սկզբունքորեն նոր և էֆեկտիվ մեթոդ՝ հիմնված մագնիսական β-սպեկտրաչափի և համընկման սխեմայով աշխատող Գեյգեր-Մյուլլերի երկու հաշվիչների զուգակցման վրա: Նույն տարում Ա. Ի.Ալիխանովը և Մ. Ս. Կոզոդաևը չափումների այդ մեթոդի օգնությամբ, արտասահմանյան հետազոտողներից անկախ, դիտեցին ներքին զույգային կոնվերսիայի երևույթը: Մասնիկների գրանցման եղանակը Գեյգեր-Մյուլլեր երկու հաշվիչներով, որոնք միացված էին 10ˉ5 վ կարգի թույլատրելի ժամանակ ունեցող համընկման սխեմայով, հնարավորություն տվեց հայտնաբերել ներքին զույգային կոնվերսիայի պոզիտրոններ, որոնք նախկինում չէին դիտվում այդ պրոցեսի քիչ հավանական լինելու պատճառով: Ա. Ի. Ալիխանովի լաբորատորիայում ստեղծված համընկման լամպային սխեման սկիզբ դրեց սովետական միջուկային էլեկտրոնիկայի զարգացմանը:
1935 թ. Ա. Ի. Ալիխանովը հաջողությամբ պաշտպանում է դոկտորական դիսերտացիան` «β-տրոհման ժամանակ առաքվող մասնիկների սպեկտրների հետազոտումը» թեմայով, որի մեջ ամփոփված էին զույգային կոնվերսիայի վերաբերյալ նրա առաջին հետազոտությունների արդյունքները: Ներքին զույգային կոնվերսիայի պոզիտրոնների էներգետիկ սպեկտրների հետագա ճշգրիտ հետազոտությունները, որոնք Ա. Ի. Ալիխանովը անցկացրեց իր աշխատակիցների հետ միասին 1935 − 1938 թթ., հանգեցրին կարևոր մեթոդական արդյունքի. պարզվեց, որ ներքին կոնվերսիայի երևույթը միջուկային սպեկտրոսկոպիայի մի շատ էֆեկտիվ միջոց է: Այն հնարավորություն է տալիս չափել նույնիսկ բավականաչափ թույլ γ-քվանտների էներգիան: Ա. Ի. Ալիխանովը և նրա աշխատակիցները չափումների վերը նկարագրված մեթոդի օգնությամբ անցկացրին նաև նյութի հետ γ-ճառագայթման փոխազդեցության ընթացքում ծնված պոզիտրոնների էներգետիկ սպեկտրների, ինչպես նաև նյութի վրա ընկնող γ-քվանտների էներգիայից և տարրի կարգահամարից նրանց ելքի կախվածության մանրակրկիտ հետազոտումներ: Դրանց արդյունքները լիովին հաստատեցին γ-քվանտներով էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի առաջացման վերաբերյալ տեսության եզրակացությունները:
1934 թ. Ա. Ի. Ալիխանովը Ա. Ի. Ալիխանյանի և Բ. Ս. Ջելեպովի հետ համատեղ առաջինը սովետական ֆիզիկոսներից սկսեց արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությունը: Այդ շարքի հենց առաջին փորձերը Ա. Ի. Ալիխանովին և նրա աշխատակիցներին, անկախ, Ի. և ֆ. Ժյուլիո-Կյուրի ամուսիններից, հանգեցրին արհեստական էլեկտրոնային ռադիոակտիվության հայտնաբերմանը: 1936 − 1937 թթ. Ա. Ի. Ալիխանովը, Ա. Ի. Ալիխանյանը և Բ. Ս. Ջելեպովը կատարեցին բազմաթիվ ռադիոակտիվ նյութերի β-սպեկտրների ճշգրիտ հետազոտումներ և հայտնաբերեցին β-սպեկտորի ձևի կախվածությունը տարրի կարգահամարից: Ա. Ի. Ալիխանովի հետազոտությունների մյուս պրոբլեմը վերաբերում էր նյութի մեջ արագ էլեկտրոնների (0,6÷2,55 ՄԷՎ էներգիաների տիրույթում) արգելակման և ցրման ուսումնասիրմանը: Ա. Ի. Ալիխանովի լաբորատորիայում կատարած ռելյատիվիստական էլեկտրոնների արգելակման և ցրման մանրակրկիտ հետազոտումները ցույց տվեցին, որ այդ երևույթների բոլոր հիմնական օրինաչափությունները բավարար կերպով նկարագրվում են ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի օգնությամբ: Հատկապես պետք է նշել Ա. Ի. Ալիխանովի այն աշխատանքը, որտեղ փորձնականորեն ապացուցված է էլեկտրոն-պոզիտրոնային զույգի աննիհիլյացիայի դեպքում իմպուլսի պահպանման օրենքի ճշմարտացիությունը: Այդ աշխատանքը կատարվեց 1936 թ. Լ. Ա. Արցիմովիչի և Ա. Ի. Ալիխանյանի հետ համատեղ: Դա մակրոմասնիկների փոխազդեցության տարրական ակտերում էներգիա-իմպուլսի պահպանման օրենքի կիրառելիության անմիջական փորձնական հաստատումն էր: Անհրաժեշտ է նշել, որ պահպանման օրենքների ճշմարտացիությունը միջուկային պրոցեսների համար (30-ական թթ. կեսերին ամերիկացի ֆիզիկոս Ռ. Շենկլանդի փորձերից հետո) շատ գիտնականների կողմից կասկածի էր ենթարկվում: 1939 թ. վերջին Ա. Ի. Ալիխանովի կողմից մշակվեց և նախապատրաստվեց այն տարիներին բացառիկ կարևորություն և հրատապություն ունեցող մի փորձ` նեյտրինոյի գոյությունը ապացուցելու համար: Այդ փորձի նպատակն էր` K-գրավման պրոցեսում 74 Be ռադիոակտիվ միջուկից առաքված նեյտրինոյի հաշվին 73 Li միջուկի կողմից կրած ետհարվածի հայտնաբերումը (նման փորձերում 74 Be միջուկի K-գրավման և օգտագործման գաղափարը առաջին անգամ տվել է Ա. Ի. Ալիխանյանը): K- գրավման դեպքում նեյտրինոյի վարկածով կանխագուշակված միջուկի ետհարվածի էներգիայի որոշակի արժեքների դիտումը կհանդիսանար նեյտրինոյի գոյության անուղղակի հաստատում: Փորձերը ընդհատվեցին Հայրենական մեծ պատերազմի սկզբին: Համանման փորձ կատարեց ամերիկացի ֆիզիկոս Ջ. Ալլենը 1942 թ.:
Ա. Ի. Ալիխանովը և Ի. Վ. Կուրչատովը ԼՖՏԻ-ի մեծ ցիկլոտրոնի կառուցման նախաձեռնողներն էին և ղեկավարում էին դրա նախագծման բոլոր աշխատանքները: Ցիկլոտրոնի կառուցումը սկսվեց 1939 թ., սակայն պատերազմի պատճառով այն դադարեցվեց: Ցիկլոտրոնը գործի դրվեց պատերազմից հետո` 1946 թ.: 1939 թ. Ա. Ի. Ալիխանովի լաբորատորիայում աշխատանքներ ծավալվեցին տիեզերական ճառագայթների ուսումնասիրման ուղղությամբ: Այն ժամանակ արդեն հայտնի փորձարարական տվյալների մանրամասն վերլուծությունը Ա. Ի. Ալիխանովին հանգեցրեց տիեզերական ճառագայթման կազմում պրոտոնների առկայության մասին հիմնավորված ենթադրությանը: ԼՖՏԻ-ում տիեզերական ճառագայթների բազմակողմանի և մանրազնին հետազոտում կատարելու նպատակով Ա. Ի. Ալիխանովի ղեկավարությամբ նախապատրաստվեց գիտարշավ, որը ծրագրված էր անցկացնել 1941 թ. ամռանը Պամիրի լեռներում: Սակայն պատերազմը խանգարեց դրա իրագործմանը: Այդ բարձրլեռնային գիտարշավը իրականացվեց մեկ տարի անց Հայաստանում, Արագած լեռան վրա: Ա. Ի. Ալիխանովի, Ա. Ի. Ալիխանյանի և նրանց աշխատակիցների 1942-1945 թթ. Արագածի վրա կատարած հետազոտումները համոզիչ կերպով ցույց տվեցին, որ տիեզերական ճառագայթման կազմում առկա է պրոտոնների ինտենսիվ հոսք` 150 ՄԷՎ կարգի էներգիաներով: 1937−1941 թթ. Ա. Ի. ԼՖՏԻ-ում աշխատելու հետ միաժամանակ համատեղությամբ գլխավորում էր ՍՍՀՄ ԳԱ ռադիումի ինստիտուտի ֆիզիկայի բաժնի լաբորատորիաներից մեկը: Նշված ինստիտուտում նա անմիջականորեն մասնակցեց Եվրոպայում առաջին ցիկլոտրոնի գործարկմանը, որն սկզբում կառուցվում էր Լ. Վ. Միսովսկու, իսկ նրա մահից հետո (1939 թ.)` Ի. Վ. Կուրչատովի և Դ. Գ. Ալխազովի ղեկավարությամբ: Ա. Ի. Ալիխանովը նախապատերազմյան շրջանում ակտիվորեն մասնակցում էր միջուկային ֆիզիկային նվիրված համամիութենական կոնֆերանսների աշխատանքներին, որոնք անգնահատելի դեր խաղացին ՍՍՀՄ ում գիտության այդ ասպարեզի զարգացման համար: Հատկապես պետք է նշել նրա «Զույգերի առաջացումը γ-ճառագայթների ազդեցությամբ» զեկուցումը 1937 թ. սեպտեմբերին Մոսկվայում կայացած II միջուկային կոնֆերանսում: Զեկուցման մեջ Ա. Ի. Ալիխանովը ներկայացրել էր այդ ժամանակ արտաքին և ներքին զույգային կոնվերսիայի երևույթների վերաբերյալ կուտակված փորձնական նյութը, մասնավորապես իր լաբորատորիայում ստացված արդյունքները: 1934 թ. սեպտեմբերին Ա. Ի. Ալիխանովը գործուղվեց Լոնդոն` մասնակցելու ֆիզիկայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին, որի ավարտից հետո այցելեց գիտական հետաքրքրությունների ընդհանրությամբ իր հետ կապված Եվրոպայի առաջատար ֆիզիկոս-միջուկագետների` Պ. Բլէկետտի (Լոնդոնում), Ջ. Չեդվիկի և Չ. Էլլիսի (Քեմբրիջում), Ժուլիո-Կյուրի ամուսինների և Ժ. Տիբոյի (Փարիզում), Լ. Մեյտների (Բեռլինում) լաբորատորիաները և արդյունավետ բանավեճեր ունեցավ նրանց հետ: Գիտահետազոտական աշխատանքին զուգընթաց Ա. Ի. Ալիխանովը զբաղվում էր դասախոսական ակտիվ գործունեությամբ Լենինգրադի բուհերում:
1930 թ., այսինքն` ֆիզիկամեխանիկական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո, նա դառնում է այդ ֆակուլտետի ռենտգենյան ճառագայթների լաբորատորիայի վարիչ: 1934թ. հունիսից Ա. Ի. Ալիխանովը Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի փորձարարական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտն էր: Ֆիզիկամեխանիկական ֆակուլտետում նա մի շարք հատուկ դասընթացներ էր կարդում` մասնավորապես ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի դասընթացը:
1938 թ. փետրվարից Ա. Ի. Ալիխանովը Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչն էր: Երեք տարի աշխատելով լենինգրադյան հնագույն այդ բուհում, պրոֆ. Ա. Ի. Ալիխանովը զգալի գործ է կատարում ֆիզիկայի դասավանդման մեթոդների կատարելագործման ուղղությամբ, կարգի է բերում գիտական աշխատանքը ամբիոնում, ակտիվորեն մասնակցում Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում հրավիրվող գիտական համագումարներին և կոնֆրանսներին:
1943 թ. Ա. Ի. Ալիխանովին Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտից տեղափոխում են Մոսկվա` ՍՍՀՄ ԳԱ № 2 լաբորատորիա, որտեղ Ի. Վ. Կուրչատովի ղեկավարությամբ աշխատանքներ էին ծավալվել ատոմային էներգիային տիրապետելու ուղղությամբ: 1945 թ. դեկտեմբերին միջուկային ռեակտորների և միջուկային ֆիզիկայի գծով հետազոտությունների զարգացման նպատակով Ա. Ի. Ալիխանովը կազմակերպում է նոր գիտական կենտրոն` ՍՍՀՄ ԳԱ № 3 լաբորատորիան (1949 թ.-ից` ՍՍՀՄ ԳԱ ջերմատեխնիկական լաբորատորիա, իսկ 1957թ.-ից` Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ): Նրա գլխավորած ինստիտուտը, գրեթե քառորդ դարի ընթացքում (1945-1968), դարձավ ֆիզիկայի առաջատար կենտրոններից մեկը մեր երկրում:
1947 թ. Ա. Ի. Ալիխանովի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում սկսվեց մեր երկրում ծանր ջրային դանդաղեցուցիչով առաջին հետազոտական ռեակտորի նախագծումը, որը գործի դրվեց 1949 թ.: Ռեակտորը ստեղծվեց շատ կարճ ժամանակամիջոցում և իր ֆիզիկական պարամետրերով չէր զիջում արտասահմանյան լավագույն ռեակտորներին: Ա. Ի. Ալիխանովի ղեկավարությամբ ծանր ջրային դանդաղեցուցիչով հետազոտական ռեակտորներ են մշակվել և կառուցվել նաև մի շարք սոցիալիստական երկրներում:
Թույլ փոխազդեցություններում զույգության չպահպանման հայտնաբերումից հետո Ա. Ի. Ալիխանովը սովետական ֆիզիկոսներից առաջինն սկսեց այդ պրոբլեմի հետազոտումը:
1957 թ. նա իր աշխատակիցների հետ β-տրոհման դեպքում էլեկտրոնների երկայնական բևեռացման ստույգ չափումներ անցկացրեց, որոնք մեծ ճշգրտությամբ հաստատեցին, որ հիշյալ պրոցեսում զույգությունը չի պահպանվում: Այդ շարքի հետազոտությունների արդյունքները Ա. Ի. Ալիխանովը ամփոփեց «Թույլ փոխազդեցություններ: β-տրոհման նորագույն հետազոտումները» մենագրության մեջ, որը հրատարակվեց 1960 թ.: 50-ական թթ. վերջում Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում Ա. Ի. Ալիխանովի ղեկավարությամբ անցկացվեցին մի շարք փորձեր` մյուոնների հատկությունները ուսումնասիրելու նպատակով, մասնավորապես որոշվեց նրանց պարույրաձևությունը π→μ+ ν տրոհման դեպքում և հետազոտվեցին այդ տարրական մասնիկների սովորական և ռադիացիոն տրոհումները: Ա. Ի. Ալիխանովը Սովետական Միությունում բարձր էներգիաների կոշտ կիզակետմամբ արագացուցիչների ստեղծման նախաձեռնողներից մեկն է: Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում նա ղեկավարում էր մեր երկրում առաջին կոշտ կիզակետմամբ պրոտոնային արագացուցչի (7 ԳԷՎ էներգիայով) նախագծման և կառուցման աշխատանքները: Այդ արագացուցչի վրա, որը գործարկվեց 1961 թ., Ա. Ի. Ալիխանովը և նրա աշխատակցները փորձեր կատարեցին պիոնների և նուկլոնների ազդեցության ուսումնասիրության ուղղությամբ: Մեծ է Ա. Ի. Ալիխանովի վաստակը 70 ԳԷՎ էներգիայով սերպուխովյան արագացուցչի ստեղծման գործում: Ա. Ի. Ալիխանովը ստեղծեց միջուկագետ-ֆիզիկոսների մեծ դպրոց, որը տվել է այնպիսի խոշոր գիտնականներ, ինչպիսիք են` Ա. Ի. Ալիխանյանը, Բ. Ս. և Վ. Պ. Ջելեպովները, Պ. Ե. Սպիվակը, Յու. Գ. Աբովը, Ա. Օ. Վայսենբերգը, Մ. Ս. Կոզադաևը, Վ. Ա. Լյուբիմովը, Ս. Յա. Նիկիտինը և ուրիշներ: Մեծ է Ա. Ի. Ալիխանովի ներդրումը հայ գիտության, առաջին հերթին ֆիզիկայի զարգացման մեջ: Նա 1943 թ. հիմնադրված Հայկական ՍՍՀ գիտությունների ակադենմիայի հիմնադիր անդամներից էր: Նա խթանեց ու մասնակցեց նույն թվին ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական ինստիտուտի ստեղծմանը (այժմ` ՍՍՀՄ ատոմային էներգիայի պետական կոմիտե Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), որի առաջին գիտական աշխատակիցներից էր ինքը: Ա. Ի. Ալիխանովի և Ա. Ի. Ալիխանյանի Արագածում ստեղծած բարձրլեռնային կայանում հրաշալի գիտական դպրոց անցավ հայ գիտնականների մի ամբողջ համաստեղություն, որը հետագայում մեծ դեր խաղաց Հայաստանում ֆիզիկայի տարբեր ճյուղերի զարգացման գործում: Ա. Ի. Ալիխանովը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի էլեկտրոնային արագացուցչի կառուցման նախաձեռնողներից էր: Արագացուցիչը գործարկվեց 1967 թ.: Ա. Ի. Ալիխանովի ծառայությունները հայրենական գիտության առջև գիտական հասարակայնության և սովետական կառավարության կողմից բարձր գնահատականի են արժանացել:
1939 թ. նա ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ թղթալից անդամ, իսկ չորս տարի անց`1943թ.` իսկական անդամ:
1954 թ. Ա. Ի. Ալիխանովը արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել Լենինի երեք շքանշաններով, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով: Նրան երեք անգամ (1941, 1948, 1953 թթ.) շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ: