Ս. Հակոբյանց տպարան
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Իսրայել
ՔԱՂԱՔ
(CITY)
Երուսաղեմ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Ս. Հակոբեանց
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Զաքարիա պատրիարք Տեր-Պետրոսյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1833
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
332 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է 1833թ. Երուսաղեմում, Գաբրիել Նիկոմիդացիի պատրիարքության օրոք: Տպարանի ստեղծման նախաձեռնողն ու առաջին աշխատողն եղել է Զաքարիա պատրիարք Տեր-Պետրոսյանը: Դեռ իր վարդապետության տարիներից նա մտադրվել էր Երուսաղեմում ստեղծել դպրոց ու տպարան: Եգիպտոսում նա հայթայթել է տպարանին անհրաժեշտ նյութեր և մի քանի տառերի մայրեր: Նրա խնդրանքով Պետրոս աղա Հուսուֆյանը գնել էր մի փայտյա մամուլ, կապարե տառեր և նախապես հայթաթված մայրերի ու նյութերի հետ ուղարկել Երուսաղեմ: 1832թ. Զաքարիան Եգիպտոսում ակնցի մահտեսի Ալիքսան Եղիազարյանի օգնությամբ գնել է մի վիմագրական մամուլ և դրանով առաջին անգամ Եգիպտոսում հրատարակել վիմատիպ մի հայտարարարություն: Այս նախնական պատրաստություններից հետո 1833թ. Երուսաղեմի Սուրբ Աթոռի տպարանը լույս է ընծայել 16 էջից բաղկացած առաջին գրքույկը` «ՏԵՏՐԱԿ ԱՂՈԹԱՄԱՏՈՅՑ», որով սկիզբէ դրվել Երուսաղեմի հայկական տպագրական գործունեությանը: Սակայն նյութական միջոցների, կարևոր պիտույքների բացակայության պատճառով տպարանի զարգացումը դանդաղ է ընթացել: Զարգացման ու դրան զուգահեռ վանական վարժարան հիմնելու համար Զաքարիան 1835թ. Ադրիանուպոլսեցի Պողոս պատրիարքի նախագահությամբ խորհրդաժողով է գումարել, ուր որոշվել է դրամագլուխ հատկացնել այդ նպատակի իրականացման համար (նվիրատվություններ անել):
Զաքարիան, որպես պատրիարք, շարունակել է հետևել տպարանի աշխատանքներին: Նա,  առանց ուշադրություն դարձնելու տպարանի շատ թերություններին ու գրագետ անձանց պակասին, ձեռնամուխ է եղել տպելու «Մաշտոց կանոնեալ Մկրտութեան» (1843), «Պատմություն Յովհաննու Կաթողիկոսին» Ա., (1843) ու Ներսես Լամբրոնացիի «Խորհրդածություն Սուրբ Պատարագին» (1842) գրքերը: Զաքարիայի մահից հետո 1847թ., նրան հաջոր­դել է Կիրակոս Երուսաղեմացին, ով շարունակել է գործը: Նա Զմյուռնայից Երուսաղեմ է հրավիրել Տիգրան Հ. Թ. Սավալանյանին` իբրև ուսուցիչ, տպարանի վերակացու  և սրբագրիչ, տպարանի կապարե տառերի փոխարեն նորաձույլ ու վայելչատիպ տառեր է բերել Պոլսից: Նպատակ է ունեցել վերակառուցել տպարանի ու վարժարանի շենքերը: Սակայն 1850թ. Պատրիարքի անակնկալ մահը կիսատ է թողել նրա ազգօգուտ ծրագրերը: 1871թ. սկսած ընդլայնվել է տպարանի գործունեությունը, կառուցվել է ձուլարան, որը գործել է մինչև 1908թ.: Տպագրվել են մի շարք գրքեր հատկապես Եսայի պատրիարքի պշտոնավարման առաջին տասը տարիներին (1865-1875): Տպագրական գրքերի շարքում է նաև «Սիոն» ամսագրի հավաքածուն` 12 հատորով:
Պատերազմի տարիներին Օրբանյան սրբազանի օրոք տպարանը անգործության է մատնվել:  Միայն տասը տարի անց՝ 1925թ., հնարավոր է եղել վերաբացել տպարանը  և լույս ընծայել Տ. Եղիշե Դուրյան  սրբազանի «Դրվագներ Մանուկ Յիսուսի Կեանքեն» պատկերազարդ հատորը: 1933թ. տպարանն իր հարյուամյակի շեմին ունեցել է ութսուն տառասեսակ՝ մեծ մասը հայերեն, եղել են նաև արաբական, հունական և եբրայական տառատեսակներ:
«Սուրբ Հակոբեանց» տպարանը միշտ ունեցել է իր մեկենասները, ովքեր իրենց նվերներով, կտակով կամ գրքերի տպագրության ծախսերը հոգալով՝ սատարել են տպարանի գործունեությանը:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան