ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Ամստերդամ
Մատթեոս Ծարեցին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարությամբ 1656 թ. մեկնում է Իտալիա` գաղութահայության նյութական օժանդակությամբ այնտեղ հայկական մի տպարան հիմնելու համար: Վենետիկի ղեկավարներից տպագրության թույլտվություն ստանալով՝ մեկնում է Ամստերդամ և տեղի հայ գաղթօջախի օժանդակությամբ ձեռնամուխ է լինում տպարանի ստեղծմանը 1660 թ.: Նրա պատվերով տպարանի տառերը պատրաստում է ժամանակի հռչակավոր տպագրիչ-հրատարակիչ Էլզեվիր եղբայրների փորագրիչը` Խրիստոֆել վան Դեյկը: 1660 թ. նա տպագրում է Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» պոեմը, սակայն Ծարեցուն վիճակված չէր տեսնելու դժվարությամբ ստեղծած իր տպարանի պտուղները: Տպարանը նյութական դժվարությունների պատճառով հայտնվում է փակվելու վտանգի առաջ: Ավետիս Ղլիճենցը մարում է տպարանի պարտքերը՝ հորդորելով Ծարեցուն տպարանը կտակել Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի վանքերին և կոչել նրանց անունով: Իր առաջին գրքի տպագրությունը չավարտած՝ 1661 թ. Մատթեոս Ծարեցին վախճանվում է՝ իր սկսած գործը թողնելով հաջորդներին: 1661 թվականից Ամստերդամի հայկական տպարանը պատկանել է հիմնադիր Ծարեցու գործընկեր Ավետիս Ղլիճենցուն։ 1664 թ. Ամստերդամի հայկական տպարանի տնօրեն Ավետիս Ղլիճենցուն փոխարինում է Կարապետ Ադրիանացին: Վերջինիս և Ոսկան Երևանցու նախաձեռնությամբ Ոսկանյան տպարանում տպագրվում են «Ձայնքաղ շարկնոց» (1664–1665
թթ.) խազագիր ձայնանիշերով հայերեն առաջին մեծածավալ գիրքը:
Նրան հաջորդում է Ոսկան Երևանցին (Ղլիճենցը): Նա, իր հետ ունենալով Հակոբ Դ. Ջուղայեցու հանձնարարականը,
1662-ին մեկնում է Եվրոպա՝ «Աստուածաշունչ»-ը հայերեն տպագրելու: Նախ մեկնում է Լիվոռնո (Ալիկօռնա), ապա՝ Հռոմ, որտեղ փորձում է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որևէ քաղաքում Աստվածաշունչը տպագրելու թույլտվություն: Սակայն նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին: Նա մեկնում է Ամստերդամ՝ 1664 թ. աշնանը ստանձնելով Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվան տպարանի տնօրինությունը և ձեռնարկելով Աստվածաշնչի տպագրության նախապատրաստական աշխատանքները:
Նախ 1666 թ. տպագրում է «Այբբենարան եւ քրիստոնէական», «Քերականութիւն» հայոց լեզվի և կրոնի դասագրքերը, ապա սկսում է 1464 էջից բաղկացած հայերեն առաջին «Աստուածաշունչ» մատյանի տպագրությունը՝ այն ավարտելով 1668 թ.։ Այս տպարանում տպագրված «Աստուածաշունչ»-ի բարձրորակ տպագրությունն արժանացել է Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը:
Լիվոռնո
Ոսկան Երևանցին մտադրվում է Ֆրանսիայի որևէ քաղաքում տպարան հիմնել: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը նրան տալիս է այդ իրավունքը՝ պայմանով, որ հրատարակվելիք գրքերը հակառակ չլինեն Կաթոլիկ եկեղեցու դավանանքին: Սակայն Ոսկան Երևանցին չի հաշտվում այն մտքի հետ, որ պետք է «սրբագրվեին» իր հրատարակած «Ժամագիրք»-ը, «Մաշտոց»-ը՝ «հռոմեական կրոնի վարդապետությանը» հակառակ չերևալու համար: Նա Ֆրանսիայից անցնում է Իտալիա, կանգ է առնում Լիվոռնո քաղաքում, որտեղ 1670-1671 թթ. հիմնում է Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անունով մի տպարան, որն ընդմիջումներով գործում է մինչև 1701 թ.: Այնտեղ տպագրում է «Պարտէզ հոգեւոր»
(1670 թ.) և Ռոբերտոս Բելարմինոսի «Վարդապետութիւն քրիստոնէական» (1670 թ.) թարգմանական գրքերը:
Մարսել
Իտալիայում չգտնելով նյութական աջակցություն՝ 1672 թ. Ոսկան Երևանցին տպարանը Լիվոռնոյից փոխադրում է Մարսել, ուր գործում է մինչև 1686 թ.: Վերջինս ընկերանում է քահանա Համազասպյանի հետ, որը, սակայն, հետագայում մեծ անախորժություններ է պատճառում նրան: Տեղի կաթոլիկ հոգևոր իշխանությունը Հռոմից կարգադրություն է ստանում հետևել Ոսկան Երևանցու հրատարակություններին:
Ընդհանուր առմամբ՝ Ոսկանյան տպարանը գործել է 1660-1686 թթ. Այդ ընթացքում Ամստերդամում, Լիվոռնոյում և Մարսելում լույս են տեսել 49 կրոնաեկեղեցական և աշխարհիկ բարձրորակ տպագրությամբ հայերեն գրքեր, իսկ միայն Ոսկանին հաջողվեց տպագրել 28-ը:
|